Ջրավաճառ պատանին
Ծառերի և թփերի միջից երևում է հին Երևանի ջրավաճառների հավաքական կերպարը ներկայացնող «Ջրավաճառ պատանին» («Երևանի սառը ջուր») քանդակը (14) (1970թ., քանդակագործ Հ. Բեջանյան): Այն խորհրդանշում է ժամանակին քաղաքային կյանքին շատ բնորոշ կողմերից մեկը։
Պատանի ջրավաճառները քայլում էին հին Երևանի փողոցներով` ուսներին դրած կավե կժեր, ձեռքներին` թաս` հին քաղաքի փոշոտ ու աղմկոտ փողոցների անցորդներին առաջարկելով երևանյան սառն ու զուլալ ջուրը։ Ամառային տապ օրերին ամենուր կարելի էր լսել «Ջո˜ւր եմ ծախում, սա˜ռը ջուր…» կանչերը։